«Ես կարևոր եմ» աշխատաժողով

           Դեկտեմբերի 7-ին  Խաչատուր Աբովյանի անվան  հայկական պետական մանկավարժական համալսարանում մեկնարկեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած «Ես կարևոր եմ» խորագրով աշխատաժողովը։ 
           Բացման արարողությանը ներկա էին  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հայաստանում Յունիսեֆի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը, նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ, ոլորտի ներկայացուցիչներ: 
         Աշխատաժողովի նպատակն էր նախադպրոցական կրթության ոլորտի պատասխանատուներին հաղորդակից դարձնել տեղի ունեցող բարեփոխումներին, առկա խնդիներին և դրանց լուծումներին ուղղված քայլերին, ինչպես նաև՝ ժամանակակից մանկավարժական մոտեցումներին: 
         Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ աշխատաժողովը միջանկյալ հնարավորություն է ամփոփելու նախադպրոցական կրթության ոլորտում իրականացված աշխատանքները, նախանշելու խնդիրներն ու լուծման ճանապարհները: «Կրթական բոլոր մակարդակները ներկայում բուռն բարեփոխումների փուլում են: Դրանք վերաբերում են թե՛ կրթական միջավայրի բարելավմանը, թե՛ ժամանակակից պահանջներին համապատասխան գույքային հագեցվածությամբ ապահովմանը, թե՛ բովանդակության փոփոխությանը, թե՛ մասնագետների կարողությունների զարգացմանը: Եվ բազմաթիվ աշխատանքներ ուղղված են նաև նախադպրոցական կրթության զարգացմանը»,-ասել է Արաքսիա Սվաջյանը: 
         Ընդգծելով կրթական միջավայրի՝ երեխայի կրթության զարգացման վրա գործուն ազդեցությունը՝ փոխնախարարն անդրադարձել է Կառավարության 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրին, որն ընթանում է բուռն թափով և նախատեսված է ավարտին հասցնել 2026 թվականին: 
        ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է նաև ռիսկային խմբերում գտնվող երեխաներին տրվող պետական աջակցությանը. «Այս տարվանից զինծառայողների և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն ամբողջությամբ ստանալու են նախադպրոցական անվճար կրթություն: Իսկ հաջորդ տարվանից ծրագիրը կգործի նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար»: Անդրադառնալով նախադպրոցական կրթության համակարգում պետական նոր չափորոշչի ներդրմանը՝ փոխնախարարը նշել է, որ 60 նախադպրոցական հաստատություններում այն արդեն ներդրվել և փորձարկվել է: Այս տարի փորձարկման գործընթացում ընդգրկվել են ևս 130 մանկապարտեզներ:  Մանկավարժների մասնագիտական զարգացման վերաբերյալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ սահմանվել է պարտադիր վերապատրաստում յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ: Դիմելով ոլորտի ներկայացուցիչներին և մաղթելով արդյունավետ աշխատաժողով՝ Արաքսիա Սվաջյանն ասել է. «Խնդիրները շատ են դաշտում, բայց դրանք լուծելի են միայն ձեր աջակցությամբ: Նաև ձեր օգնությամբ պետության նախաձեռնած ծրագրերը կդառնան իրականություն: Ձեր բոլոր ջանքերը, որ ներդնում եք չափորոշիչն ավելի արդյունավետ գործարկելու նպատակով, հսկայական փոփոխություն են բերելու ոլորտում»:
         «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի ժ/պ Արտաշես Թորոսյանը նշել է, որ հիմնադրամը՝ որպես մանկավարժների հետ անմիջական աշխատող կառույց, հստակ տեսնում և պատկերացնում է այն պոտենցիալն ու հնարավորությունները, որոնք ինտենսիվ աշխատանքով նպաստելու են ոլորտի զարգացմանը: «Հանրակրթությունը սկսվում է նախադպրոցական կրթությունից: Մեր աշխատելու սկզբունքը հետևյալն է՝ դուք չպետք է աշխատեք միայն ձեզ համար, այլև ձեր փորձը համակարգում տարածեք ուրիշներին օգնելու նպատակով: Միայն այս ճանապարհով են խնդիրներն ակնհայտ դառնում, և նախանշվում լուծման ուղիները»,- ասել է Արտաշես Թորոսյանը: 
         ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ևս ընդգծել է, որ նախադպրոցական ոլորտով է պայմանավորված վաղվա քաղաքացու արժեհամակարգի կերտումը, և այդ ոլորտում յուրաքանչյուր ներդրում վաղվա օրվա դրական զարգացման ապահովման գործընթացն է: Ռեկտորն ընդգծել է՝ մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի կողմից շեշտվում են կարևոր հարցեր, որոնց լուծումներն այսօրվա հրամայականներն են: 
         Ելույթով հանդես է եկել նաև Հայաստանում Յունիսեֆի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին՝ որպես միջազգային գործընկեր: Նա ներկայացրել է Յունիսեֆի միջազգային հետազոտությունների արդյունքները, համաձայն որոնց նախադպրոցական տարիքում կրթությունը չափազանց կարևոր է երեխաների համար:
            ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանն էլ անդրադարձել է համընդհանուր ներառական կրթության ներդրմանը նախադպրոցական կրթության ոլորտում՝ կարևորելով համագործակցային աշխատանքով երեխաների հայտնաբերումը, ներառումն ու ճիշտ գնահատումը: 
             Պաշտոնական բացմանը հաջորդեց շնորհակալագրերի հանձնումը: Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի ներդման և նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի փորձարկմանն աջակցելու համար խրախուսվեցին ՆՈՒՀ-երի մի շարք մանկավարժական աշխատողներ: 
             Դեկտեմբերի 8-ին չորս տարբեր աշխատարաններում խոսնակները ներկայացրեցին ինչպես ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված թեմաներ, այնպես էլ անդրադարձ կատարվեց այլընտրանքային նախադպրոցական ծառայություններին, նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման մեխանիզմներին, ՆՈՒՀ-երում սննդի կազմակերպմանն ու սանիտարական նորմերի պահպանմանը և այլն։ Մասնակիցները ներգրավվեցին տարաբնույթ գործնական աշխատանքներում: Նրանք հնարավորություն ունեցան բարձրաձայնելու և ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները։ 
            Աշխատաժողովին ներկա էին մասնակիցներ ՀՀ բոլոր մարզերից: Երկօրյա աշխատաժողովը միջմարզային հաղորդակցման, փորձի փոխանակման, տարաբնույթ թեմաներով քննարկումներ կազմակերպելու լայն հնարավորություն ընձեռեց:


Комментарии